Ունենք 140 թոքաբորբ ունեցող պացիենտ. 8 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

«Երեկ երեկոյան հաստատված տվյալներով ունենք 140 թոքաբորբ ունեցող պացիենտ, 35 ծանր վիճակում գտնվող»: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում  չեն, բայց ունեն թթվածնի կարիք, 8 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է»,- հավելել է նա:

Նախարարի փոխանցած տեղեկությամբ՝ վերջին 3 օրերին ՀՀ-ում եղել է տոկոսային հետևյալ աճը՝ 4․6 տոկոս, 6․8 տոկոս և այսօր՝ 1․3 տոկոս. «Մեզ մոտ վարակվածների  թվի  կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է, այսօր կարող եմ ասել, որ ունենք կրկնապատկման նոր տեմպ՝ 8 օրը մեկ»։

Թորոսյանը նաև պարզաբանել է, որ առանձնացվել է 1400 հատուկ մահճակալային ֆոնդ կորոնավիրուսային հիվանդության համար, որից կեսն արդեն զբաղեցված է. «Սիմպտոմներ չունեցող կամ թույլ գանգատներ ունեցող  վարակված քաղաքացիները գտնվում են տարբեր հյուրանոցներում՝ իհարկե բժիշկների հսկողության տակ։ Այս պահին ունենք մեկուսացված  1500 քաղաքացի։ Ինքնամեկուսացման մեջ է գտնվում ավելի քան 5000 քաղաքացի։ Մեկուսացումից դուրս է եկել 400 և ավելի քաղաքացի։ 14-րդ օրը բոլորը թեստավորվում են և բացասական արդյունքի դեպքում գնում են տուն»։ 

Նշենք, որ, ըստ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի»,  Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրների ընդհանուր թիվն 833 է։ Ապաքինվել է 62 մարդ, փաստացի բուժվում է 763 մարդ։ Գրանցվել է բացասական 4096 դեպք։ Մահացել է  8 մարդ։