Ուկրաինան փակում է մուտքը օտարերկրացիների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ուկրաինահայաստան

«2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում քաղվածք է ներկայացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից․

«Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00.01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.

– Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,

– Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք»:

Դեսպանությունը հայտնում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել.

«Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե՞ ոչ, քանի որ նախագահ Վ․ Զելենսկին իր 13․03․2020թ․ երեկոյան ելույթում նշել է, թե «երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները», իսկ «Ուկրաինական ավիաուղիներ»-ն առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին»: