Հրազդանի զինկոմի մոտակայքում հայտնաբերվել է մայիսի 4-ին կորած քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

1

Մայիսի 9-ին՝ ժամը 09։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զինվորական Կոմիսարիատի բաժանմունքի մոտակայքում դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ զինվորական կոմիսարիատի Հրազդանի բաժանմունքi մոտակայքում՝ Աղբյուրակի ջրամբարում, հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)։

Ծաղիկ Զ.-ի դին մոտեցրել են ջրամբարի ափամերձ հատված տեղի ուժերով, փրկարարները դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 

***

Մայիսի 8-ին, ժամը 10։54-ին Հրազդան գետի մոտակայքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը ժամը 17:00-ին դադարեցվել է անարդյունք:

Մայիսի 5-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ վերսկսել է որոնողական աշխատանքները, որը ժամը 17:58-ին ավարտվել է անարդյունք:

Մայիսի 6-ին ժամը 10։21-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում և մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն Աղբյուրակի ջրամբարում, Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: