«Գորշ գայլերը» գոյություն չունի, բայց անընդունելի էր արգելքը․ Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

ֆրանսիա

Ֆրանսիայում արգելված «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպությունը գոյություն չունի, բայց  ամեն դեպքում անընդունելի է արգելել շատ երկրներում տարածված խորհրդանիշները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել էր «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում պաշտոնապես արգելելու մասին, որը «ատելություն է քարոզում» և «բռությունների մասնակից է»:

«Հայտնի է, որ «Գորշ գայլեր» շարժումը, որը արգելվել է ֆրանսիական կառավարության կողմից, գոյություն չունի։ Սակայն անընդունելի է արգելել խորհրդանիշները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում և ոչ մի վնաս չեն հասցնում»,- ասել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ Լիոնի արվարձանում «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժման մասնակիցներն օրերս պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

--00—ՄՀ