Ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ մեր աշխատանքներն ամբողջ թափով շարունակվելու են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Փաշինյան

Մենք իրագործում ենք նաեւ Ճանապարհային քարտեզի մյուս դրույթները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկարատեւ դադարից հետո այցելել են տարածաշրջան: Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը Ճանապարհային քարտեզի առաջին կետն էր: Տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն իսկ վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր՝ նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար: Այս մասին ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանում եւ Արցախում վնասված տների սեփականատերերի աջակցություն ցուցաբերելու մասին, պատերազմին մասնակից ուսանողների եւ պատերազմին մասնակցած մեր եղբայրների ու քույրերի ընտանիքի անդամ ուսանողների ընթացիկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի, կառավարությունը որոշում է կայացրել վերականգնողական բուժման կարիք ունեցող մեր զինվորների բուժման ծախսերը փոխհատուցելու նոր կարգի մասին, Արցախում եւ Հայաստանում հյուրընկալ ընտանիքներին վճարումներ իրականացնելու մասին որոշումն էական նշանակություն կունենա առանց բնակարանի մնացած անձանց կացության հարցերը լուծելու համար: Ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ մեր աշխատանքներն ամբողջ թափով շարունակվելու են»,- հավելել է նա։ 

--00—ՄՀ