«Ով իմ գրքերում, հոդվածներում տեսել է թրքասիրություն, թող գրի». գրականագետն արձագանքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նկար

ԵՊՀ դասախոս, գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների՝ ԵՊՀ-ում կազմակերպած ակցիային, որի շրջանակում դասախոսի լուսանկարով պաստառներ էին փակցրել համալսարանի պատերին՝ նրան անվանելով թրքասեր:

«Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և ուսանողներ։ Վերջին օրվա ընթացքում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը իր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և «Երկիր Մեդիա» հեռուստատեսության միջոցով պաշտոնապես զբաղված է իմ՝ Սեյրան Զավենի Գրիգորյանի հեղինակությունը, պատիվը և գործարար համբավը արատավորող հայտարարություններով։

Սոցիալական ցանցը մարդու անձնական հայացքների տիրույթ է։ Չբավարարվելով այս հարթակում արվող դիտարկումներով՝ երեկ ՀՅԴ ներկայացուցիչ ինչ-որ երիտասարդներ ներխուժել են իմ աշխատավայր՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ, փակցրել վիրավորական և զրպարտչական լուսանկարներ ու գրություններ, նկարահանել տեսանյութ, որը հրապարակվել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև հեռարձակվել «Երկիրն այսօր» լրատվական ծրագրով։

Գլխավոր մեղադրանքն այն է, որ ես «թրքասեր» եմ, և «թրքասիրությունը» տեղ չունի Երևանի պետական համալսարանում և Հայաստանում։ Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես ինձ մասնագիտական գործունեությունից և երկրից վտարելու կոչ։

Այս հարթակում ես ունեմ 5000 ընկեր, որոնց մեծ մասը ճանաչում է ինձ որպես դասախոսի և գրականագետի։ Խնդրելով պահանջում եմ․ ձեզնից ով երբևէ իմ դասախոսություններին, գրքերում և հոդվածներում, գիտական նստաշրջաններում կարդացած զեկուցումներում տեսել է թրքասիրության որևէ դրսևորում, թող գրի այստեղ այդ փաստը։ Հատուկ խնդրում եմ չգրել որևէ լավ բան, միայն թրքասիրությունը։

Փաստերի բացակայությունից պիտի բխի, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը բամբասասեր, «ժեխ», «զոմբի» միավորներից բաղկացած զանգված է։

Անհատներին և զանգվածային լրատվության միջոցներին խնդրում եմ առավելագույն չափով տարածել այս հայտարարությունս՝ նույն հորդորով։ Միայն թրքասիրությունը ապացուցող փաստեր։

Շնորհակալություն»,-գրել է Սեյրան Գրիգորյանը։

--00—ԼՄ