Տիգրան Ավինյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

հանդիպում

Փետրվարի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման:

Դեսպան Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանի հավատարմագրումը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների համագործակցության ընդլայնման ու խորացման համար:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում շարունակաբար իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և այս առումով երախտագիտություն հայտնել Շվեդիային ցուցաբերած աջակցության համար: 

Բացի երկկողմ մակարդակում առկա համագործակցությունից՝ անդրադարձ է  կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը:

--00--ԱԹ