Պետք է ճնշել Ադրբեջանին, որ պահպանվեն մշակութային կոթողները․ ՄԱԿ պատվիրակության անդամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Մարդու իրավունքները պետք է մշտապես հարգվեն։ Կարծում եմ՝ կարևոր է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և նաև պատերազմից մազապուրծ եղածներին աջակցություն ցուցաբերվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՄԱԿ-ի MAAT իրավապաշտպան խաղաղարար կազմակերպության պատվիրակության անդամ Բեն Ամիդը։

Այս պատվիրակությունը Հայաստանում ու Արցախում ապրիլի 22-29-ն ուսումնասիրելու է ղարաբաղյան հակամարտությունն ու հետկոնֆլիկտային իրավիճակները և հանդես է գալու համապատասխան զեկույցով։

Բեն Ամիդը հատկապես կարևորել է Արցախի պատմական ժառանգության պահպանումը։ 

«Մենք նախատեսում ենք հանդիպումներ ունենալ պատերազմից տուժած բոլոր անձանց հետ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ բազմաթիվ հուշակոթողներ են փլուզվել, եկեղեցիներ են ավերվել։   Ցանկացած պարագայում անընդունելի է մշակութային կոթողների ավերումը։ Պետք է պահպանվի Արցախի ինքնությունը և պատմությունը։  

Մենք հետաքննական աշխատանք ենք տանում։ Մեր հանձնառության տակ է ուսումնասիրել բոլոր այն մշակութային կառույցները, թանգարանները, դպրոցները և այն վայրերը, որոնք հնարավոր է՝ տուժել են պատերազմից։ Զեկույց ենք ուղղելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի հետազոտություն անցկացվի։  
Մեր կողմից բարդ է, բայց հնարավոր է ճնշում գործադրել, որպեսզի պահպանվեն Արցախի մշակութային կոթողներն ու վայրերը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ