ՄԱԿ-ը դրամական օգնություն է տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստանում բնակվողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

արցախ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունը:

«Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID), Ֆրանսիայի կառավարության և Ֆլանդրիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ: ՊՀԾ-ն ապրիլից հունիս ամիսներին կտրամադրի ամենամսյա դրամական փոխանցումներ այն տեղահանված մարդկանց, ովքեր արդեն գրանցված են Կառավարության հարթակում և գտնվում են Հայաստանում:

Դրամական օգնությունը կօգնի տեղահանվածներին գնել տարատեսակ սնունդ, որպեսզի նրանք ունենան հավասարակշռված սննդակարգ: Աջակցությունը համահունչ է ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից ձեռնարկված ազգային ջանքերին, որոնք միտված են աջակցելու այն մարդկանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում:

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին առատաձեռն ներդրման համար, որոնք օգնում են Հայաստան տեղահանված մարդկանց բավարարել իրենց սննդի հիմնական կարիքները և քաղցած չմնալ»,- ասում է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքները զերծ մնան գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են՝ քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Սա ծայրաստիճան ողջունելի աջակցություն է, որը կօգնի շատ ընտանիքների ծայրը ծայրին հասցնել այս դժվարին ժամանակներում»»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ