2020-ին 2019-ի համեմատ թունաքիմիկատներով թունավորման դեպքերի թիվը նվազել է 1.3 անգամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

թունաքիմիկատներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, որպես թունաքիմիկատների պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնների և նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝

թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա.

թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա.

թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո.

թունաքիմիկատների կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի թույլատրվում սահմանված չափաբաժինների և մշակումների թվի գերազանցում։

2020 թվականի վերլուծությունների համաձայն՝ թունաքիմիկատներով թունավորման դեպքերի թիվը 2019 թվականի համեմատ նվազել է 1.3 անգամ։ 

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հետևել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի 790-Ն հրամանով  սահմանված նորմերին և կանոններին։

--00—ՄՀ