Գերիների, անհետ կորածների որոնման և վերադարձման խնդիրները մեր գլխավոր օրակարգում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Արցախ

Ադրբեջանական հսկողության ներքո գտնվող տարածքներից հայ զինծառայողների աճյունների որոնման, տարհանման, ինչպես նաև գերիների ու պատանդների վերադարձման գործընթացում, Արցախի Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած քայլի՝ նույնիսկ հակառակորդի՝ միջանձնային և էթնոազգային վատ հարաբերությունների ու վերաբերմունքի առկայության պարագայում։ Այս մասին «Ազատ Արցախ»-ի  հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

«Եթե անկեղծ լինեմ, որոնողական աշխատանքների առաջին օրերին հակառակորդի կողմից ակնհայտ նկատվել է թշնամական վերաբերմունք։ Դրանից հետո, երբ արդեն հաճախակի են դարձել հանդիպումները, այդ հարաբերություններում փոփոխություն է եղել, որը միայն օգուտ է տվել մեր աշխատանքին»։

Անդրադառնալով այս տարվա ապրիլից իր նախագահությամբ գործող՝ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքներին, Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը օրակարգային գլխավոր խնդրի լուծման ուղղությամբ։

«Գերիների, անհետ կորած զինծառայողների, կամավորների և պահեստազորայինների որոնման ու վերադարձման խնդիրները մեր գործունեության գլխավոր օրակարգում են։

Այդ ուղղությամբ մենք գործադրում ենք բոլոր ջանքերը։ Սակայն, պետք է նշեմ, որ այս հարցն ունի լուսաբանված և չլուսաբանված կողմ։

Ընդ որում՝ չլուսաբանված կողմում արվածն ավելի շատ է։ Սա յուրաքանչյուրիս համար հոգեբանական առումով թերևս ամենածանր թեման է։ Աշխատանքը նույնքան ծանր ու դժվար է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԿԿ