Իշխանությունները շարունակում են ճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Քաղաքական

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Հհ ներքաղաքական իրավիճակին․

«Հայրենակիցներ,

Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ  իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: 

Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են  խորացնում երկրում առկա քաղաքական  ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը: 

Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից:

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը: 
Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»:

--00--ԿԿ