Նվազել է ՀՀ քաղաքացիություն ստացողների, շատացել՝ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Հասարակական

2018 թվականի իրադարձությունները իշխանությունների կողմից փորձ է արվել ներկայացնել է իբրև հայրենադարձության խորհրդանիշ, անգամ ճանաչված գլոբալիստ հայազգիներից ոմանք, զորօրինակ երգիչ Սերժ Թանկյանը, հայտարարում էին առնվազն Հայաստանում տուն գնելու մտադրության մասին։ Մինչդեռ՝ իրականությունը բոլորովին այլ է, քաղաքական անառողջ, բռնություններով ուղեկցվող ցնցումները հանգեցրին ոչ միայն մարդկային կյանքի մեծաթիվ կորուստների, այլև աննախադեպ արտագաղթի և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գրավչության կտրուկ նվազմանը։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Իհարկե, ՀՀ քաղաքացիությունից կամավոր դուրս գալու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ վիճակագրական տվյալները արտագաղթի վիճակը ամբողջովին չեն բնորոշում, քանի որ մեծ մասը հապճեպ լքում է երկիրը՝ պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, սակայն միանշանակ է, որ քաղաքացիությունից դուրս են գալիս այլևս երբեք վերադառնալու մտադրություն չունեցող և իրենց կյանքը որևէ կերպ Հայրենիքի հետ կապելու մտադրություն չունեցող անձինք։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմին՝ տեղեկանալու, թե 2018-2020թթ. և 2021թ.-ի առաջին կիսամյակին քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից հրաժարվելու քանի դիմում են ստացել։ Եվ այսպես, մեր հարցմանն ի պատասխան, Հանրապետության նախագահի աշխատակազմից փոխանցված տվյալները փաստում են, որ միայն 2018 թ. ապրիլի 9-ից մինչև տարեվերջ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 12 500 անձի։

Նկատենք, որ սա բացարձակապես կապ չունի հայրենադարձության հետ, քանզի խոսքը, հիմնականում վերաբերում է այն սփյուռքահայերին, որոնք, օգտվելով դեռևս 2005 թ. սահմանադրական փոփոխություններով ընձեռած երկքաղաքացիության հնարավորությունից, պարզապես ձեռք են բերում երկրորդ քաղաքացիությունը։ Համեմատության համար նկատենք, որ նախորդ տարիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց թիվը երկու անգամ ավել է եղել։

2018 թվականից սկսած, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն ունեցողների թիվը ոչ միայն չի աճել, այլև նկատվել է ակնհայտ նվազման միտում։ Այս առումով հետաքրքրական են 2019 թվականի տվյալները. Ն.Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ տարում՝ նախքան պատերազմն ու համավարակը, Հայաստանն այլեւս կորցրել էր իր գրավչությունը. ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 12 675 մարդու, իսկ 6 065 անձ հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունից։

Նշենք, որ 2020 թ. ՀՀ քաղաքացիություն է շնորհվել արդեն 11 450, իսկ 2021 թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ ընդամենը 3528 մարդու։

Խիստ մտահոգիչ է նաև ՀՀ քաղաքացիությունից դուրս եկողների վերաբերյալ վիճակագրությունը։ 2018 թ. հեղափոխական էյֆորիան ակնհայտ ոգևորություն ու վստահություն չի առաջացրել, դրանից անմիջապես հետո, միայն 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիությունից դուրս է եկել 5 570 անձ, և այս միտումը բնավ չի դադարել հետագա տարիներին, մասնավորապես՝ 2019 թ. ՀՀ քաղաքացիությունից դուրս է եկել 6 065 անձ, 2020 թ.՝ 4 730 անձ, իսկ 2021 թ. միայն 1-ին կիսամյակում՝ 1 997 անձ։ Նկատենք, որ 2020 թվականին Հայաստանը գտնվել է նախ արտակարգ, ապա ռազմական դրության պայմաններում, երբ արգելափակված էր ՀՀ-ից ելքը, հետեւապես այլ երկիր մեկնելու հնարավորությունները խիստ սահմանափակ էին։

--00--ԿԿ