Ա.Կարապետյանի հրաժարականի տակ կարող են մեծ խնդիրներ լինել, ինչն իրավիճակի մասին շատ բան կարող է ասել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

«Իշխանության դեմքերի և կառույցների պաշտոնական հայտարարությունները հակասում են միմյանց: Եթե դիտարկենք զոհերի հետ կապված իշխանական պատգամավորների հայտարարությունները, մերձիշխանական լրատվամիջոցների արտահոսքերը և ՊՆ հայտարարություններն, այդ հակասությունը շատ ավելի ընդգծված է դառնում, և հանրությունն այլ աղբյուրներից փորձում է տեղեկություն ստանալ, որոնք ցավալի ինֆորմացիա են հաղորդում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանական ալիքներից մեծածավալ լուսանկարներ են շրջանառվում, որոնք ցավալի տեղեկություններ են հաղորդում գերեվարության վերաբերյալ, նաև, որ ադրբեջանցիների ուղղությամբ կրակ արձակելու խնդիր է եղել։ Ակնհայտ է, որ իշխանությունն առաջնագծում ԶՈՒ-ին, ըստ իրավիճակի և ըստ անհրաժեշտության գործելու հնարավորություն չի տալիս, որի պատճառով ունենք գերիներ, կորցրած դիրքեր: Հրապարակումներից պարզ է նաև, որ առաջին և հաջորդած օրերին ունենք մեծ տարածքային և դիրքային կորուստներ: 

«Պատերազմից մեկ տարի հետո սահմանային այդ հատվածում գրանցված գործընթացները վկայում են, որ այս իշխանությունն անելիք չունի այս երկրում և ունակ չի պաշտպանել ՀՀ քաղաքացուն։ Քանի այս իշխանությունը մնում է, ցավալիորեն հետագայում կանգնելու ենք նոր կորուտների շեմին»,- ընդգծեց պատգամավորը:

Խոսելով պաշտպանության նախարարի ազատման հանգամանքից՝ պատգամավորը նշեց, որ մայիսից 41 ք/կմ տարածքի կորուստ է եղել, բայց  իշխանությունում որևէ մեկը հրաժարական չի տվել. 
«Արշակ Կարապետյանի հրաժարականը վերլուծությոնների առիթ է տալիս, դրա իրական պատճառների մասին ոչինչ չգիտենք, դրա տակ կարող են թաքնված լինել մեծ խնդիրներ, ճգնաժամեր և կոնֆլիկտներ։ Այդ մանրամասներն իմանալն ավելին կարող է փոխանցել ստեղծված իրավիճակի մասին, քան գիտենք»: 

Մանրամասները՝ տեսանյութում։