Սյունիքում մարտերի հետևանքով գերի ընկածների վերաբերյալ հաստատում չկա, ՄԻԵԴ դիմում կարող է ուղարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակական

Երբ որ լինի հաստատում ու տեսակցություն, իհարկե լրացուցիչ կասենք, այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանում «Կարմիր Խաչ» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ուղղությամբ ծավալված հայ-ադրբեջանական բախումների հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Ըստ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 17-ի հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ «Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է», - նշված էր հաղորդագրության մեջ։

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ ուշադիր և հետևողականորեն աշխատում են պատկան մարմինների և իրենց դիմած ընտանիքների հետ։ «Ներգրավված կողմերի և պատկան մարմինների հետ երկխոսության մեջ ենք ստեղծված իրավիճակի հետ կապված։ Ընտանիքների համար մշտապես մեր դռները բաց են, և մենք ընթացքում էլ կապի մեջ ենք ավելի շատ այն ընտանիքների հետ, որոնք կապ են հաստատում մեզ հետ։ Ինչ վերաբերում է ընթացքին, ապա մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր հրապարակումներին, նաև տեղեկատվություն է փոխանցվում պաշտոնյաների կողմից, իսկ բովանդակային առումով՝ ինչ փուլում է, ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև մենք փորձում ենք հանգամանքներով պարզաբանել տարբեր հարցեր, և ստանալով պատասխաններ՝ ավելի որոշակի կասենք։ Ըստ մեր գործելաոճի, սկսած առաջին իսկ րոպեներից մենք ներգարավվել ենք։ Մենք Գորիսում, եթե գիտեք, ունենք գրասենյակ», - ընդգծեց Ամատունին։

Նա ասաց, որ կազմակերպության ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և այլ պահվող անձանց։ «Մենք նաև տեսակցել ենք ընտանիքներին, որոնք փոխանցել են իրենց տեսահաղորդագրությունները։ Ընտանիքների հետ տեսակցություններն առիթ են հանդիսանում, որ կարողանանք պարբերաբար կապ պահպանել ընտանիքների և գերեվարված անձանց միջև։ Ընտանիքի անդամների տեսագրված հաղորդագրությունները տրամադրում ենք գերեվարված անձանց, իսկ նրանց տեսագրված հաղորդագրությունները, երբ այցելում ենք, փոխանցում ենք ընտանիքներին», - եզրափակեց Զառա Ամատունին։

Փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված հայ գերիների շահերը։ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը 24News-ին ասաց, որ նոյեմբերի 16-ի բախումների հետևանքով գերեվարված հայ զինծառայողների հարազատներն արդեն դիմել են իրենց։ «Ուսումնասիրություններ ենք անում, կարծում եմ՝ նաև Եվրոպական դատարան կդիմենք», - նշեց փաստաբանը։

Հարցին՝ քանի՞ գերու մասով են իրենց դիմել, Զեյնալյանը պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող ասել, դեռևս հստակեցվում է»։

--00--ԿԿ