Քննարկվել են ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

պեկ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: 

Խորհրդի նիստում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները: Մասնավորապես՝ առաջարկվում է կրճատել հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, ինչպես նաև սահմանել թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգը:

Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նվազագույնի կհասցվի հարկային մարմին-հարկ վճարող շփումը, կբարձրացվեն հարկային կարգապահությունը և վարչարարության արդյունավետությունը: 

Անդրադարձ է եղել նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ նախագծին, որով ակնկալվում է բարելավել այդ ուղղությամբ իրականացվող վարչարարությունը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարողների միջև միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների և առաջացած հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը և հարկմանը: 

Ակտիվ քննարկումներ են ծավալվել ներկայացված նախագծերի, ինչպես նաև  մասնակիցների բարձրացրած՝ հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ: 

--00—ՄՀ

Տեսանյութեր