«Տվիք սպանիք, հերիք ա». քաղաքացին պնդում է՝ ոստիկանները ծեծել են իր հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Ոստիկանության Սպիտակի բաժնում ծեծել են բերման ենթարկված քաղաքացուն ու նրա հարազատներին։ Այս մասին 24News-ին ասաց Արթուր Ավետիսյանը, ում որդին, զոքանչը, աներորդին, վերջինիս կինը եղել են դեպքի վայրում, երբ աներորդուն արդեն բերման էին ենթարկել ոստիկանության բաժին՝ դանակահարության կասկածանքով։

Ավետիսյանի խոսքերով, Սպիտակի բաժնում ոստիկաններն իր որդուն, զոքանչին, աներորդուն ու վերջինիս կնոջը բռնության են ենթարկել։ «Ոստիկանությունից հերթապահը դուրս է գալիս, զոքանչս ասում ա․ «Ո՞ւր ա Բորյան», ասում են՝ «Գնացե՛ք տուն, Բորյան (աներորդին) մի 20 որպեից կգա»։ Էդ խոսակցությունը եղել ա առաջին հարկում։ Մեկ էլ երկրորդ հարկից գալիս է աներձագիս ձայնը, որ ճվում ա՝ «Արա՛, հերի՛ք ա ինձ տաք, սպանիք, հերի՛ք ա ինձ ծեծեք»։ Զոքանչս, իմ տղան և աներձագիս կինը վազում են էն պահը, որ քրեականի պետը՝ Կարոյան Անդրանիկը, նառուչնիկները Բորյայի հետևի մասում քցած և բռնած թևերից հարվածում են», - պատմեց նա։

Նա նաև նշեց, որ ծեծելու համար Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել 8 ոստիկանի դեմ։ «Մենք չենք հավատում, որ քրեական գործ է հարուցվել։ Եթե քրեական գործ է հարուցվել, գոնե մի ոստիկանի լիազորությունները թեկուզ ժամանակավորապես կասեցնեին, հավատայինք, որ արդարություն է»։  

Ավետիսյանի զոքանչը՝ Սոնյա Սարգսյանը, 24News-ին ասաց, որ միջամտել է այն պահին, երբ ձայներ է լսել` բարձրանալով երկրորդ հարկ՝ տեսել է, որ ոստիկանները հարվածում են իր որդուն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր