Հայաստանը ժողովրդավարության 2021-ի ցուցիչով տարածաշրջանի առաջատարն է. The Economist

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

տռռեգտեռգ

Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր մեդիակազմակերպության վերլուծական կենտրոնը՝ «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթ»-ը, հրապարակել է աշխարհի երկրների 2021 թ. ժողովրդավարության ցուցիչը, որում տվյալներ են ներկայացված նաև Հայաստանի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ «Չինաստանի մարտահրավերը» խորագրով զեկույցում Հայաստանի Հանրապետությունը նախորդ մի քանի տարիների պես շարունակում է դասվել այսպես կոչված «հիբրիդային վարչակարգերի» շարքում, սակայն ժողովրդավարության ցուցանիշներով ամենաբարձր դիրքն է զբաղեցնում տարածաշրջանի երկրների շրջանում՝ առաջ անցնելով Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից:

Զեկույցը կազմելիս՝ «Էկոնոմիստ»-ի փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնարար գործոն՝

  1. Ընտրական գործընթացներ և բազմակարծություն,
  2. կառավարության արդյունավետություն,
  3. քաղաքական մասնակցություն,
  4. քաղաքական մշակույթ,
  5. քաղաքացիական ազատություններ:

Դրանց վերլուծությամբ էլ տվյալ պետությունը ստանում է ընդհանուր գնահատական, ըստ որի որոշվում է իր տեղը սանդղակում:

Զեկույցում պետություններն, ըստ իրենց կառավարման համակարգի, դասակարգվում են չորս հիմնական խմբի՝

  1. «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր),
  2. «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր),
  3. «հիբրիդային վարչակարգեր» (4-6 միավոր)
  4. «ավտորիտար վարչակարգեր» (4 և ցածր միավոր):

Ըստ «Ժողովրդավարության ցուցիչ-2021» զեկույցի՝ Հայաստանը 2020 թ. իր ցուցանիշը բարելավել է 0.14 միավորով և ընդհանուր 5.49 միավորով զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը: Ժողովրդավարության ինդեքսի աղյուսակում տարածաշրջանի երկրներից Հայաստանին ամենամոտը Վրաստանն է, որը 5.12 միավորով կրկին «հիբրիդային» պետությունների դասակարգման մեջ է՝ զբաղեցնելով 91-րդ հորիզոնականը: Թուրքիան ևս համարվում է «հիբրիդային» պետություն և իր 4.35 միավորով 103-րդն է: Ռուսաստանը (3.24 միավոր, 124-րդ հորիզոնական), Ադրբեջանը (2.68 միավոր, 141-րդ հորիզոնական) և Իրանը (1.95 միավոր, 155-րդ հորիզոնական) գնահատվում են իբրև ավտորիտար պետություններ:

Ժողովրդավարության ցուցիչով աշխարհում իրենց «լիարժեք ժողովրդավարությամբ» առաջատար երկրներն են Նորվեգիան (10.00 միավոր), Նոր Զելանդիան (10.00 միավոր) և Ֆինլանդիան (10.00 միավոր): Վատագույն արդյունքը ժողովրդավարության ցուցանիշներով աշխարհում ցույց են տվել Հյուսիսային Կորեան, Մյանմարը և Աֆղանստանը:

2021-ի հաշվետվության ամենաուշագրավ փաստերից մեկն այն է, որ ի տարբերություն Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Դանիայի՝ ամբողջ աշխարհում դեմոկրատիայի խորհրդանիշ ու դրոշակակիր համարվող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, «Էկոնոմիստ»-ի փորձագետների կողմից դասակարգվել են ոչ թե «լիարժեք», այլ «թերի ժողովրդավարությունների» շարքում: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը 8.10 միավորով «լիարժեք ժողովրդավարությունների» թվում է:

«Էկոնոմիստ Ինթելիջենթ Յունիթի» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի փորձագետները 2020 թ. Հայաստանին տվել էին 5.35, իսկ 2019-ին՝ 5.54 միավոր:

 

--00--ՍԳ