Տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում նոր հովազ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

հովազ.jpg

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը: Ըստ տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։

Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։

Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը, աննախադեպ է:

«Հովազների պոպուլյացիան ամբողջ աշխարհում զգալիորեն կրճատվել է՝ պայմանավորված մարդկային մի շարք գործոններով, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում միջսահմանային լարվածությունների, նոր սահմանների, արգելքների հետևանքով։ Այս կենդանատեսակը գտնվում է անհետացման վտանգի եզրին։

2011 թ․ սկսած, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 6-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է մեր տեսախցիկների միջոցով»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սա այն փաստի վկայությունն է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը պահպանության արդյունավետ ձևաչափն է։

FPWC-ը կարողացել է բացահայտել նոր հովազին շնորհիվ ռեյնջերների, ովքեր արդիականացված գիտելիքներ ունեն հովազներին հետևելու և տեսախցիկների տեղադրման համար լավագույն հնարավոր վայրը գտնելու վերաբերյալ: Այս համատեքստում շատ կարևոր է նաև իրականացնել ուսումնասիրություն՝ հասկանալու հովազների հավանական պոպուլյացիան, ինչպես նաև այն բոլոր վտանգները, որոնց կարող է հանդիպել հովազը նոր սահմանների և խոչընդոտների առկայության դեպքում՝ անվտանգ տեղաշարժվելու համար։

Նշենք նաև, որ FPWC-ը հայտարարել է մրցույթ՝ հովազին անվանակոչելու վերաբերյալ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002-ից: Հիմնադրամը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ է։

Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունը Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունն է՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ:

--00--ՀԶ