ԱԺ նախագահի դեմ մահափորձը բացահայտված չէ․ որոշ դատարկ բանտախցեր օրինական տերերին պետք է գտնեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ելույթս ուզում եմ ավարտել մի չափազանց կարեւոր արձանագրումով եւ ուրախությունս արտահայտել այն առիթով, որ չնայած այսպիսի դժվար ու խառնակ ժամանակներին կառավարությունը 2021 թվականին էլ չի դադարեցրել բարեփոխումների քաղաքականությունը եւ այս ոլորտում նույնպես ունենք տեսանելի արդյունքներ:

Կարեւորագույն ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքում կուզենայի նշել Պարեկային ոստիկանության ստեղծումը, որը ոչ միայն դրական արձագանք է գտել մեր հանրության շրջանում այլեւ նպաստել ընդհանուր առմամբ ոստիկանության եւ իրավապահ համակարգի նկատմամբ վստահելիության աճին: Այս գործընթացը շարունակական է լինելու եւ Պարեկային ոստիկանությունը պիտի ներդրվի Հանրապետության ողջ տարածքում: Այս շաբաթ արդեն Պարեկային ոստիկանությունը մուտք կգործի Շիրակի եւ Լոռու մարզեր, իսկ Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի Պարեկային ոստիկանությունում աշխատանքի անցնելու հավակնորդների մրցույթը մեկնարկել է: Հիշեցնելով, որ պարեկային ոստիկան կարելի է դառնալ նաեւ նախկինում ոստիկանությունում ծառայած չլինելով, պոտենցիալ հավակնորդներին եւ հատկապես կանանց կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընդունելությանը:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով հաջորդ կարեւորագույն ուղղությունը հանրակրթությունն է: Տեղյակ եք, որ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, ինչը նշանակում է, որ պետությունը բացարձակապես նոր վերաբերմունք է ցուցաբերում մանկահասակ երեխաների կրթության նկատմամբ, չափազանց լուրջ վերաբերվելով այդ գործընթացին: Մեր ընկալումն այն է, որ մանկապարտեզը կամ նախակրթարանը այնպիսի տեղ չեն, որտեղ ծնողները ժամանակավորապես թողնում են երեխաներին: Մանկապարտեզը, նախակրթարանը այնպիսի տեղ են, որտեղ երեխաների կրթության հիմքերն են դրվում եւ այստեղ կոմպրոմիսների գնալը նշանակվում է առերեսվել այն փաստի հետ, որ անգրագիտությունը, որ նախորդ դարի կեսերին լքել էր մեր երկիրը, սողեսող և աննկատ վերադառնում է:

Մինչեւ 2026 թվականը Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը մեկնարկել է եւ սա ոչ միայն պիտի կրթությունն իսկապես հասանելի դարձնի մեր երկրի բոլոր երեխաներին, այլեւ երիտասարդ մայրիկներին աշխատաշուկան համալրելու հնարավորություն պիտի տա, հանրային, տնտեսական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություն: Կանանց հանրային, տնտեսական ակտիվացումը խթանելը մեր կարեւորագույն խնդիրներից է, որովհետեւ կանայք մեր բնակչության մեծամասնությունն են եւ առանց նրանց գործուն աջակցության շատ դժվար կլինի հաղթահարել երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները:

Հանրակրթության ոլորտում հաջորդ կարեւորագույն ինստիտուցիոնալ փոփոխությունը 300 դպրոցների կառուցման, հանրակրթության պետական չափորոշիչի ընդունման շարքում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը նույնպես մեկնարկել է 2021 թվականին ու պիտի լինի շարունակական: Այդ գործընթացով մենք միջնաժամկետում լուծելու ենք երկու կարեւորագույն խնդիր. բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց եւ ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման մեխանիզմ ենք ստեղծելու: Այս գործընթացը արդեն սկսված է, եւ 2021 թվականին տեղի ունեցած կամավոր ատեստավորման արդյունքում շուրջ 400 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 30-ից 50 տոկոսով:

Գիտեք, որ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը մեր երկրում 82.8 տոկոսով ավելացել է, ինչը աննախադեպ ցուցանիշ է: Բայց սա զուտ ֆինանսական ավելացում չէ, այլ գիտության ոլորտում ինստիտուցիոնալ նոր համակարգի ներդրում, որի արդյունքում գիտությունը որպես գործունեության տեսակ գրավիչ է դառնալու ոչ միայն երիտասարդների, այլեւ այլ՝ ոչ մասնագիտական աշխատանքով զբաղվող գիտնականների համար: Արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների արդյունքում գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 40-ից 165 տոկոսով:

Ժամանակի սղության պատճառով չեմ կարող խոսել 2021 թվականին կյանքի կոչված բոլոր բարեփոխումների մասին, բայց կարեւորագույնների շարքում պիտի նշեմ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ ըստ էության լիարժեք անցումը համամասնական ընտրակարգի, որը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարեւորագույն գործիքներից է:

Մենք շարունակում ենք հետեւողական եւ սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ եւ դրա համար ձեւավորում ենք ինստիտուցիոնալ նոր կառույցներ, ինչպիսին Հակակոռուպցիոն կոմիտեն է, որը ստեղծվել է 2021 թվականին, 2021 թվականից գործարկվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգի աշխատանքի գործնական փուլը, այն իմաստով, որ արդեն կոնկրետ բռնագանձման հայցեր են ներկայացվում դատարաններ: Ստեղծվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը: Եւ կարծում եմ՝ բոլորդ եք տեսնում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեզ համար չկան նախկիններ եւ ներկաներ եւ այս գործընթացը մենք հետեւողականորեն առաջ ենք մղելու:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով պիտի կարեւորեմ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որով ներդրվել են՝

1) համաձայնեցման վարույթը, որը թույլ է տալիս առաջադրված մեղադրանքն ընդունելու դեպքում համաձայնության գալ նշանակվող պատժի, վնասի հատուցման, հանցավոր ծագում ունեցող գույքը վերադարձնելու հարցերի շուրջ,

2) համագործակցության վարույթը, որը թույլ է տալիս բացահայտել նոր հանցանքները` մեղմ պատիժ ստանալու կամ առհասարակ պատժից ազատվելու ակնկալիքով,

3) մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, որը հնարավորություն է տալիս իրականացնել քննություն այն դեպքերում, երբ մեղադրյալները խուսափում են դրանից և այն տանում փակուղի: Ընդունված քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվել են կալանքին այլընտրանք հանդիսացող՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները, որոնց կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հունվարի 1-ից։ Քրեական նոր օրենսգրքով էլ սահմանվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող՝ ազատության սահմանափակում պատժատեսակը, որի կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հուլիսի 1-ից։

Բայց նույնիսկ մինչեւ այս բոլոր նորամուծությունների ուժի մեջ մտնելը, հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ կիսադատարկ քրեակատարողական հիմնարկների երկիր: Նախորդ շաբաթ հրապարակվեց Եվրոպայի խորհրդի 2021 թվականի քրեական վիճակագրությունը:

Ըստ այդմ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Սա խոսում է Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին եւ զգալի ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ:

Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը եւ սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ եւ ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է: Ժամանակ առ ժամանակ մեր կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ:

Պատմականորեն ապացուցված փաստ է. նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են եւ ոչ թե փակվում: Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են եւ ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են: Սա նշանակում է, որ բոլոր նրանք ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են: Եւ սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչեւ օրս բացահայտված չեն, եւ մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի հարգարժան տեղակալներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ.

Այս բոլոր փաստերից անդին, հաջողություններից ու ահնաջողություններից այնկողմ ու վեր, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման մեր մտահոգությունն է ու առավել քան սրված դարակազմիկ մարտահրավերները: Մեզնից անսովոր եւ գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ պահպանելու համար եւ պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռեւս չենք կարողացել ստեղծել:

Բայց մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, Խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար Կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ եւ բալանսավորված քաղաքականություն եւ մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար:

Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ եւ բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջեւ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ:

Եւ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձեւեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի:

Եւ համոզված եմ, մենք դա կանենք եւ դա է մեր պատմական առաքելությունը: Շնորհակալություն: