Շաղափ գյուղի խանութից հափշտակել էր ծխախոտ, խմիչքներ, հեռուստացույց․ տաք հետքերով բռնել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ գիշերային ծառայություն կատարելու ժամանակ Վեդի քաղաքից դեպի Նոր Ուղի գյուղ տանող ճանապարհին պոմպակայանի մոտ նկատել են առանց համարանիշների Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը փորձել է փախչել, բայց դա նրան չի հաջողվել։ Ճանապարհային ոստիկանների կողմից հմուտ ու ճիշտ վնասազերծման արդյունքում նշված ավտոմեքենան վարորդով և ուղևորով բերման են ենթարկվել Ոստիկանության Արարատի բաժին։

Ըստ աղբյուրի՝ արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 23-ամյա Տիգրան Մանուկյանը և ավտոմեքենայի մեջ եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Մերի Պ․-ն։ Պարզվել է նաև, որ Մանուկյանը Շաղափ գյուղի Սարգսյան փողոցի 17-րդ հասցեում գործող խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է և այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, տնտեսական-կենցաղային իրեր և հեռուստացույց։

Ավտոմեքեան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Իսկ խանութի թալանի մասին խանութի տերը՝ Շաղափ գյուղի բնակիչ 63-ամյա Անդրանիկ Պետրոսյանը իմացել է առավոտյան, երբ նրան այդ մասին տեղեկացրել են Արարատի ոստիկանները։ Նա նույնիսկ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնել են գողին, ով չի հասցել գողացած ապրանքները պահել։

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մանուկյանը և Մերի Պ․-ն ստորագրությամբ ազատ են արձակվել։