Համագործակցված աշխատանքի արդյունքում ոստիկանները բացահայտեցին սպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Հունիսի 22-ին Շենգավիթի ոստիկանները Մասիսի գործընկերներից ստացան հեռախոսագիր, որ ժամը 20.10-ին որովայնի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ:

Մեկնած օպերատիվ խմբերը պարզեցին, որ ժամը 19.30-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում տուժածին հրազենից կրակել էր անհայտ անձը:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով:

Տեղում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվեցին քննչական գործողություններ։ Ժամեր անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կասկածվողի ինքնության մասին տվյալներ ստացան: Երևանի քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի բնակիչ, 32-ամյա տղամարդը կարճ ժամանակում հայտնաբերվեց մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցում, բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին, ներկայացվեց քննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր