Հակառակորդը ինտենսիվությամբ հրետանի, խոշոր տրամաչափի զենքեր է կիրառում Վերիշենի դիրքերի ուղղությամբ

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News           

վ

Ադրբեջանական կողմը բարձր ինտենսիվությամբ գիշերվանից հրետանի, խոշոր տրամաչափի զենքեր է կիրառում Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի դիրքերի ուղղությամբ, սակայն կրակոցները գյուղից վերեւ են։ Այս մասին 24News-ին ասաց վարչական շրջանի ղեկավար Արարատ Օրդյանը։

Նրա խոսքերով, կրակոցների հետեւանքով տներ, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել, արկերը չեն հասնում գյուղ։
Մի քանի տներ վնասվել են ադրբեջանական կրակոցների առաջին օրը՝ սեպտեմբերի 13-ի գիշերը։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ «Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ