Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել իրենց հարակից տարածքները. նրանց 70 %-ն արդեն ծանուցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

դս

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է:

Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:

Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է, աշխատանքներն ընթացքում են:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցներ են ձեռնարկվում վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և Իլ դը Ֆրանսի հաջողված փորձը Երևանում կիրառելու նպատակով:

Ընթացքում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու հիմնանորոգումը: Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված այգուն հարակից հուշահամալիրը, հուշարձանի վերականգնման համար հայտարարվել է նախագծման մրցույթ: Հաղթող կազմակերպության հետ առաջիկայում կկնքվի պայմանագիր:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով կառուցվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը: Բարեկարգվում է նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածը:

Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի նախագիծը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում՝ ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն ընթացքում են: Այժմ բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու նպատակով:

--00—ԻԴ