Զատուլինին «ոչ ցանկալի անձ» ճանաչելն ուղղված է ընդդեմ հայ ժողովրդի. Ռուսաստանի հայերի միություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

0af1026aa7ef3b1153a4f48fa058e971_M.jpg

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերանայել իր որոշումը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին երկիր մուտք թույլ չտալու մասին։ Այս մասին ասվում է ՌՀՄ տարածած հայտարարությունում։



«ՌՀՄ ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների հայտարարությունը՝ համարել Զատուլինին «ոչ ցանկալի անձ» Հայաստանի Հանրապետությունում, գնահատում է իբրև քայլ, որն ուղղված է ընդդեմ հայ ժողովրդի, որի պատմության մեջ ընդմիշտ ոսկյա տառերով գրված է Զատուլինի անունն իբրև արդարության խորհրդանիշ, Հայաստանի և Արցախի շահերի պաշտպան և 1995 թ-ին ՌԴ Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի հեղինակ», - ասված է հայտարարությունում։



Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» հիմնադիր ու ղեկավար Կոնստանտին Զատուլինը ՀՀ ԱԺ-ի կողմից երեքշաբթի օրը նամակ էր ստացել, ըստ որի իր մուտքը մեր երկիր համարվում է անցանկալի։ Բացատրությունում նշված է, թե իբր Զատուլինն իր վերջին հայտարարություններում թույլ է տվել ձևակերպումներ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին։



--00—ԶՀ