Հայաստանն ու Իրանն առևտրաշրջանառության տարեկան ծավալը կհասցնեն 3 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

ՀՀ պատվիրակության՝ Իրան այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվել է այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ:

Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

«Նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Այս նպատակին հասնելն անպայման կիրականանա: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եղեք, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Էբրահիմ Ռայիսին հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ:

--00—ԼՄ