Կառավարությունը պարտվեց Բրյուսովում․ գործող ռեկտորը վերընտրվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԿԿ

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը, ում մրցակիցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր։

ԲՊՀ Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան, քաղաքական գիտությունների թեկնածու Ցոլակ Ակոպյանը 24News-ին ասաց, որ Հարությունյանն ընրվել է ձայների 12/8 հարաբերակցությամբ։

Հարցին՝ իշխանությունների կողմից ճնշումներ գործադրե՞լ են հանձնաժողովի անդամների վրա, որ Գյուրջինյանն ընտրվի ռեկտոր․ «Եղել են ճնշման փորձեր, բայց ոչ ամբողջությամբ իշխանությունների կողմից»։

Ցոլակ Ակոպյանը կոնկրետ անուններ չնշեց, բայց ասաց․ «Օրինակ՝ ճնշման փորձ էր 2 օր առաջ վարչապետի վերահսկողական ծառայության հայտարարությունը, որի մասին մյուս շաբաթ կխոսենք»։

Անդրադառնալով մինչ ընտրությունները եղած խնդիրներն՝ ԲՊՀ-ի դասախոսն ասաց, որ ուսանողների, դասախոսական անձնակազմի նկատմամբ ամեն տեսակի ճնշումներ են գործադրվել։

«Ամենակարևորն այն է, որ ուսանողութունը, դասախոսական կազմը միասնական ցույց տվեցին, որ մեր բուհի կողքին են կանգնած։ Հարությունյանի հաղթանակն ընկալել ենք նաև որպես բուհի հաղթանակ՝ պայմանավորված վերջին ամիսների գործընթացներով», - եզրափակեց Ցոլակ Ակոպյանը։

Դեկտեմբերի 7-ին վարչապետի ընտանիքին պատկանող ՀԺ-ն, հղում անելով իր տեղեկություններին, «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում:

Կարինե Հարությունյանը 24News-ին ասել էր, որ այս հրապարակմամբ փորձ է արվում սեւացնել իր անունը, քանի որ ուրբաթ ռեկտորի ընտրություններ են։ Թե՛ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, թե՛ Քննչական կոմիտեից, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հետ զրույցում չեն հաստատել Կարինե Հարությունյանին վերաբերող որևէ քրեական վարույթի մասին։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ