Իշխանությունը Բրյուսովում նոր ռեկտոր է նշանակել․ բուհում բողոքի ակցիա է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

բրյուսով

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերթական ապօրինությունը՝ նախարարության կողմից. բոլոր լրագրողներին, ուսանողներին և աշխատակիցներին հրավիրում եմ Բրյուսովի համալսարանի մեծ դահլիճ ժամը 11:00-ին։

Թքած ունենալով բուհի Կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Պարզվել էր, որ Գ. Թ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:

2022-ի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ. Թ.-ի նկատմամբ, և նր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

--00—ԼՄ