Մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ․ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1668622751_2179426

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն  այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:

«Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։

Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները  շտկելու համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Պետնախարը  նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված գործել և հրատապ արձագանքել բնակչության առաջնահերթ կարիքներին:

Քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։

Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները  և  արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։

Ներկայացվել է նաև հանրապետությունում դրամաշրջանառության և  մասնավորապես, կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարարը պատասխանատուներին  հանձնարարել է հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և լուծումներ առաջարկել։

Անդրադարձ է եղել նաև շրջափակման հետևանքով վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։ Նշվել է, որ համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված բացակայությունները հարգելի համարելու համար։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել  են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացիկ վիճակը և համակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին։

--00—ՅՄ