Պարզվել են Ուրցաձորում ոստիկանների գործունեությանը միջամտելու, գույքը վնասելու դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot 2022-12-30 124243

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են Ուրցաձոր բնակավայրի 34-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև վերջիններիս հսկողության տակ գտնվող գույքը վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

2022թ. հունվարի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված օրը ինքնիրավչություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Արարատի բաժնին ամրակցված ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրից ՀՀ ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել նույն համայնքի նախկին ղեկավարը։

Տեղեկանալով նրան տանելու մասին, վերջինիս որդին՝ Դ. Ա.-ն, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Ուրցաձոր բնակավայրի Տիգրան Մեծ փողոցում հասել է ոստիկանության ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ավտոմեքենայի առջևի մասին։

Ապա նա իջել է իր վարած ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, տվել սպառնալիքներ՝ չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին:

Բավարար փաստերի առկայությամբ՝ Դ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արգելված արարք կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննություն կատարելու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ