Հայտնի են 2022 թվականի լավագույն ուսանողների անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Capture

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ. մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք կստանան 348.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողների կշնորհվի 233.000-ական դրամ կրթաթոշակ:

Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

Համաձայն ընթացակարգի՝ մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և ոլորտում ըստ հերթականության ներկայացված չափանիշները:

«Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման դրույթների:

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը:

--00—ՅՄ