Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է երկրաշարժից տուժած հայաբնակ գյուղ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը եղել են երկրաշարժից տուժած հայկական Վաքըֆլը գյուղում, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքարը զննել է գյուղում գտնվող թանգարանը և տները, որոնք տուժել են երկրաշարժից։ Նրան իրավիճակի մասին տեղեկություններ է հայտնել գյուղապետ Պերճ Քարթունը։ Նախարարը զրույց է ունեցել տեղի բնակիչների հետ, որոնց մեջ է եղել նաև Վաքըֆլըի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարը։

Չափարը գոհունակություն է հայտնել, որ երկրաշարժից հետո Հաթայի նահանգապետարանը և ողջ պետական կառույցները իրենց կողքին են եղել՝ շեշտելով, որ թուրքերի և հայերի միջև հազարամյա բարեկամություն և միասնություն կա։

Աքարն էլ ի պատասխան արձագանքել է․ «Մենք բոլորս՝ 85 միլիոնս, վշտի և ուրախության մեջ մեկ ենք, միասնական ենք, մեկ սիրտ և մեկ բռունցք ենք։ Բոլորս Թուրքիայի Հանրապետության պատվավոր, առաջին կարգի քաղաքացիներն ենք։ Այս դրոշը մեր դրոշն է, Անկարան մեր մայրաքաղաքն է»։

--00—ԼՄ