«Անձրևանոցը նետելու» գործով Փաշինյանը և 47-ամյա կինը որևէ կարգավիճակ չունեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

ն

Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում տեղի ունեցած անձրեւանոցի միջադեպից հետո նախաձեռնված վարույթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանով նետած կինը, չնայած որ երեկ ձերբակալվել ու ավելի ուշ ազատ էր արձակվել, նույնպես որևէ կարգավիճակ չունի, այդ թվում՝ մեղադրյալի։

Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում։ Բերձորից տեղահանված ու Մալիշկայում վարձով բնակություն հաստատած 47-ամյա մի կին անձրեւանոց էր նետել մարզ այցելած Փաշինյանի ուղղությամբ։

Չնայած որ անձրեւանոցը հեռու էր ընկել նրանից, կինը ոստիկանության կողմից ձերբակալվել ու բերման էր ենթարկվել։ Մալիշկայի ղեկավար Գարիկ Նազարյան 24News-ին ասել էր, որ անձամբ չի տեսել, թե ինչպես է կինն անձրեւանոցը նետել, վերջինս հեռու է եղել Փաշինյանից, և որ դրանից բացի այլ միջադեպ չի եղել։

«Եթե Փաշինյանի անվտանգության աշխատակիցները որևէ բան չանեին, չէինք էլ իմանա։ Հեռու է եղել։ Մենք վարչապետի կողքն ենք կանգնած եղել, բնականաբար, բոլորիս ուշադրությունն իր զրույցն էր բնակիչների հետ։ Աժիոտաժը որ եղավ, նոր իմացանք՝ ինչ է կատարվել»,- ասել էր Մալիշկայի ղեկավարը։

Այս միջադեպի առթիվ վարույթ է հարուցվել։ Երեկ ՔԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։

«Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում, Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,- հայտնել էր քննչական մարմինը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը) նախատեսվել է քրեական վարույթ, սկսվել է նախաքննություն։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ