Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

5

Ապրիլի 11-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին, մեղադրանք է ներկայացվել: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Չնայած որ Նարինե Ասատրյանի գործողության հետևանքով որևէ մեկը չէր վնասվել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Բերձորի՝ Ադրբեջանին անցնելուց հետո Մալիշկայում բնակություն հաստատած կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Այս դեպքի առթիվ ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։

Կինը ձերբակալվել էր, ապա ուշ գիշերն ազատ արձակվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթով որեւէ կարգավիճակ չունի:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ