«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը կփոխանցվի առողջապահության նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

50398adbff916b55f53fea89b52807b4

Կառավարության որոշմամբ՝ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն այսուհետ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նպաստելով բանտային առողջապահության ամբողջական ինտեգրմանն ազգային առողջապահական համակարգ:

Այս որոշումը պայմանավորված է նաև հանրային կառավարման բարեփոխումների օրակարգով, մասնավորապես՝ պետական կառավարման մարմինների ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ վերանայման և վերակազմակերպման աշխատանքների արդյունքով:

Արդարադատության նախարարությունը մշակել էր նախագիծ, որով առաջարկվում էր կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող բժշկական օգնությունն և սպասարկումը վերապահել մասնագիտացված կառույցին՝ Առողջապահության նախարարությանը: Ներկայումս ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնությունն ու սպասարկումը բոլոր քրեակատարողական հիմնարկներում հասանելի է 24/7 ռեժիմով: ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները հագեցած են առնվազն մեկ ընդհանուր պրակտիկայի բժիշկներով, բոլոր ստորաբաժանումներում կա ատամնաբույժ:

Արդարադատության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունքում էապես փոխվել է ազատազրկված անձանց մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու որակը: ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի, անցնում են անհրաժեշտ վերապատրաստումներ հանրապետության լավագույն ուսումնական բազաներում:

Նշված համագործակցության արդյունքում բարելավվել է բժշկական ծառայությունների մատուցման որակը, էականորեն կրճատվել է բժշկական օգնության մատուցման ժամանակահատվածը, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման ուղեգրերով: Նախկինում այն կատարվում էր 1-2 ամսում, իսկ այժմ այդ ժամանակահատվածը կրճատվել է և կազմակերպվում է 1 օրում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը հետևողականորեն շարունակում է աշխատանքները մասնագիտական հագեցվածությունը բարձրացնելու և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունն ապահովելու ուղղությամբ:

--00—ՅՄ