Լկտիացող իշխանություն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

աժ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱԺ իշխող խմբակը երեկ խաչակրաց արշավանք իրականացրեց Մրցակցության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմության ներկայացրած թեկնածուի` Անահիտ Սարգսյանի դեմ՝ տարիներ առաջ նրա կատարած մի գրառման պատճառով։ Պարզվեց՝ ՔՊ-ականները քրքրել, փորփրել են թեկնածուի անցյալը եւ հայտնաբերել, որ Սարգսյանը 2018-ի դեպքերի առիթով ֆեյսբուքյան գրառում է արել՝ Նիկոլ Փաշինյանին քվե տված ժողովրդին անվանել է ոչխար, փուչ մարդիկ, անհայրենիք եւ այլն։ ՔՊ-ում ով չալարեց, ելույթ ունեցավ՝ դատապարտելով այդ գրառումը, ու առիթը բաց չթողնելով՝ գրեթե նույն ոճով վիրավորանքներ շաղ տվեց ընդդիմության հասցեին, որ նման թեկնածու են ներկայացրել: Վիգեն Խաչատրյանը, առանց անուն տալու, ընդդիմության կին պատգամավորներից մեկի հասցեին ասաց, թե, հավանաբար, հավանոցում է դաստիարակվել, մեկ ուրիշին պոռոտախոս անվանեց։ Սա հայտնի՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորի ճռռալը» հիշեցրեց. երկիրը քարուքանդ արած ուժը դասեր է տալիս ընդդիմությանը, մեղադրանքներ ներկայացնում, եւ նրա հռետորաբանությունը գնալով լկտիանում է:

Ուշագրավ է, որ ընդդիմությունն էլ չպաշտպանեց իր թեկնածուին՝ միայն հարցի քննարկման սկզբից մինչեւ վերջ նստած մնացին դահլիճում։ Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրների համար էլ է շոկային եղել ՔՊ-ականների բացահայտումը՝ գրառման վերաբերյալ, եւ դահլիճում են իմացել, որ իրենց թեկնածուն տարիներ առաջ նման արտահայտություններ է արել։ Բայց այն, որ նման մեթոդներով ընդդիմադիրներին կարողանում են չեզոքացնել, մեղքի զգացում ներշնչել, եւ նրանք հակափաստարկներ չեն կարողանում բերել, խոսում է ընդամենը ընդդիմության ոչ ճկուն եւ գաղափարազուրկ, խեղճ լինելուու բավարար չափով գրագետ չլինելու մասին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ՍՊ