Տրանսպորտային ապաշրջափակման թեմայով Մոսկվան գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

KMO_174221_01092_1_t222_205032

Մոսկվան գրեթե ամեն օր կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման հարցով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ՌԴ-ն մասնակցում է բանակցություններին, առաջարկում է լուծումներ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կապ և հարթակ ապահովում։ Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ տեղի կունենա ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ։ Երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ կլինի»,-ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք մնացել են չլուծված Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ մոսկովյան հանդիպումից հետո։

«Հիմնական աշխատանքը շարունակվում է, մենք գրեթե ամեն օր կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ տրանսպորտային կապի ապաշրջափակման թեմայով։ Մենք անընդհատ շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքները չեն ընթանում հանդիպումից հանդիպում»,-ասել է նա՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։

--00—ՅՄ