Հրանուշ Հակոբյանի եղբորորդին Գյուլագարակում հյուրանոցային համալիր  և քոթեջային թաղամաս է կառուցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

l-hEcSFRjD4T.jpg

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում՝ Գարգառ բնակավայրի վաչական տարածքում շինարարական եռուզեռ է։ Եղևնիներով անտառապատ տարածքին կից հարթավայրում մի քանի նոր շինության պատեր արդեն կանգնած են, նորերի հիմքերն են փորվում։ Դենդրոպարկ տանող ճանապարհին տեղադրված ցուցանակն ազդարարում է քոթեջային թաղամասի կառուցման մասին, գրում է «Հետք»-ը։

Կառուցապատողը Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եղբորորդին է՝ Հրայր Հակոբյանը։ Կառուցապատողի հայրը՝ Կորյուն Հակոբյանը, նույնպես երկար տարիներ պետական պաշտոնյա է եղել։

Կառուցապատողը 2021 թ.-ին տարբեր անձանցից ընդհանուր առմամբ 4.3 հա գյուղատնտեսական հողամաս է գնել, զբաղվել դրա նպատակային նշանակության փոփոխմամբ։ Նախորդ տարի ստացել է քոթեջային թաղամասի կառուցման թույլտվություն։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, համալիրը բաղկացած է լինելու 74 հատ 1 և 2-հարկանի առանձնատներից և 5-հարկանի հյուրանոցից։ Նախատեսվում է ֆուտբոլի փոքր դաշտ, թենիսի դաշտ, առևտրի սրահ և զվարճանքի կենտրոն։

«Քոթեջներն ունենալու են 7200 քմ մակերես, իսկ հյուրանոցը՝ 5000 քմ մակերես, ներքին ճանապարհներն ու այլ կառույցները՝ 4800 քմ։ Առանձնատները կառուցվելու են համակցված՝ քար–փայտ եղանակով, հյուրանոցը՝ քարից, յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է իր փոքրիկ հողամասը, որի սահմանազատումը նախատեսված է բուսականության միջոցով»,- նշված է նախնական գնահատման հայտում, որն արդեն ստացել է դրական եզրակացություն։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո կառուցապատումից ազատ տարածքը նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել։ Կանաչապատման մակերեսը պետք է կազմի ընդհանուր հողամասի 61%-ը (մոտ 2․6 հա)։

Հրայր Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կառուցապատումը սկսել է վարկային միջոցներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԶՀ