ԵԽ ՄԻ հանձնակատարն Ադրբեջանին մեղադրել է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

4de086c4-0faa-4adc-a2f3-108687c350ad.jpg

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր Ադրբեջանի ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում բնապահպանական բողոքի ցույցերը ճնշելու և մասնակիցների ձերբակալությունների վերաբերյալ, գրում է «Լուրերը»։

Հանձնակատարը գրում է, որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի և հատուկ տեխնիկայի կիրառումը մարդու իրավունքների լուրջ խախտում է։

Նա ընդգծել է իրավապահ մարմինների հաշվետվողականության կարևորությունը և մարդու իրավունքների ապահովման համար նրանց վերապատրաստելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով բողոքի ակցիաների խաղաղ բնույթը՝ Միյատովիչը պահանջել է պարզաբանել խաղաղ ցույցերը ցրելու իրավական հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ազգային արձանագրության համապատասխանությունը:

Հանձնակատարն ընդգծել է, որ բողոքի ակցիաներից հետո Սոյուդլու գյուղ մուտքի սահմանափակումները «լուրջ մտահոգություններ են առաջացնում տեղի բնակիչների մարդու իրավունքների, ներառյալ ազատ տեղաշարժի և գաղտնիության նկատմամբ հարգանքի վերաբերյալ»: Նա նշում է, որ այդ միջոցները խստորեն սահմանափակել են նաև անկախ լրագրողների, իրավապաշտպանների և փաստաբանների օրինական գործունեությունը։

Միյատովիչը տեղեկատվություն է խնդրել այս միջոցառումների իրավական հիմքերի և մարդու իրավունքների չափանիշներին դրանց համապատասխանության մասին:

--00—ԶՀ