Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի վերածննդի օրն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Screenshot_13

Այսօր՝ օգոստոսի 17-ին, նշվում է  Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի վերածննդի օրը:

Մարտունու ուղղությամբ  1992 թվականի հենց այս օրն է  հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում սկսել, որ կանխվել է ազատամարտիկների հերոսական ջանքերի շնորհիվ:

«Այսօր մեր հերոս քաղաքի օրն է: Դժվար ժամանակներում ենք դիմավորում մեզ համար շատ կարևոր բոլոր օրերը՝ այդ թվում՝ Մարտունու վերածննդի օրը: Այսպիսի ու ավելի ծանր օրեր շատ ենք ունեցել, բայց հենց այս օրը, որը հիմք է ընդունվել քաղաքի օր նշելու համար, մեծագույն ապացույցն է, որ կյանքը և իրադարձություններն անկանխատեսելի են, երբեք վստահ չենք կարող ասել, թե ինչ կլինի վաղը: Սա ասում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը պարզ ընկալի մի փաստ. մարտունեցին իրավունք չունի վհատվելու, մարտունեցին պարտավոր է միշտ ամուր և դիմացկուն, ուժեղ լինել: Այս օրը մեզ համոզում է՝ յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, եթե ունենք կամք ու վճռականություն, եթե կարողանում ենք պայքարել ու գիտենք ինչի համար է, գիտենք՝ արդարացված է այդ պայքարը: Իսկ այն իմ խորին համոզմամբ այդպիսին է:

Դժվար է այս ծանր օրերին շնորհավորանքի խոսք ասել, բայց ես ասում եմ ու հպարտ եմ ասում՝ շնորհավոր տոնդ՝ իմ չքնաղ Մարտունի, շնորհավոր տոնդ՝ իմ հերոսածին ժողովուրդ: Ինչ էլ լինի՝ մեր անցյալի հերոսական էջերը մեզ այդ իրավունքը տալիս են:

Իմ խոնարհումն եմ բերում հայրենիքի պաշտպանության ու այս օրը գրանցելու ճանապարհին նահատակված մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առաջ: Նրանց և հրաշքով կենդանի մնացած մեր տղաներին ասում եմ՝ շնորհակալ ենք, որ մեզ քաղաք ու հայրենիք նվիրեցիք: Ամեն մարտունեցի պարտավոր է խորությամբ գիտակցել, թե այս օրվա համար, որ մենք ունենք կանգուն քաղաք, որտեղ ապրում ենք, շարունակում ենք մեր պատմությունը, ինչ գին է վճարվել ու երախտագիտություն հայտնի նրա ստեղծողին:

Հավերժ կանգուն մնաս, իմ Մարտունի, հավետ մնաս քո զավակների ապագայի հանդեպ վստահության երաշխիք»,- Մարտունու վերածննդի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:

--00—ՅՄ