Շահրամանյանի նշանակումը անհանգստացրել է «լիբերալներին». «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
 

ս

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում տեղի ունեցած վերջին վերադասավորումներից հետո ներքաղաքական ինտրիգները շարունակվում են։ Ինչպես հայտնի է, երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն մինչ հրաժարականը Գուրգեն Ներսիսյանի փոխարեն պետնախարար նշանակեց ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, որը, ըստ նախապես շրջանառված տեղեկությունների, առաջիկայում ԱԺ կողմից կընտրվի Արցախի նախագահ։ Ինչպես հայտնում է թերթի արցախյան աղբյուրը, Շահրամյանանին պետնախարար նշանակելու փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել Արցախում գործունեություն ծավալող «սորոսականների» շրջանում, որոնք հիմնականում Նիկոլ Փաշինյանի ցուցումով ու անմիջական ուղղորդմամբ են շարժվում։

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ վերջիններս տարբեր շրջանակներում, ինչպես նաև սոցհարթակներում այս նշանակումը համարում են «Արցախի պետականության դեմ ուղղված քայլ»՝ շեշտելով, թե «այն հանգեցնելու է Արցախի վերջնական կորստին» (այս թեզերի տիրաժավորումը բավական ակտիվ է հատկապես տելեգրամյան ալիքներով)։ Հատկանշական է, որ այս օրերին արցախցի «սորոսականներից» ոչ պակաս ակտիվ ու ինքնամոռաց, գրեթե նույնաբովանդակ քննադատություն ու կոչերի ալիք է սկսվել նաև հայաստանյան տիրույթում։

Ընդգծենք, որ Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբվելու և, իրենց բառերով ասած, «Արցախը փրկելու» հայտարարություններ էին հնչեցնում նաև ՀՀ քաղաքական դաշտի՝ Արևմուտքից ֆինանսավորվող «բլոկի» ներկայացուցիչները՝ տեղի ունեցածը որակելով «Արցախում ռևանշիստների հաղթանակ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

--00—ՍՊ