Միգուցե պահն այնպիսին է, որ հայտարարենք համազգային մոբիլիզացիա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

PEK

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին երկու օրվա ընթացքում ուժգնանում է սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի, քաղաքագետների, վերլուծաբանների, ինչպես նաև ռազմական փորձագետների կողմից ներկայացվող տեղեկատվական հոսքը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին (Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի  հատվածներում) Ադրբեջանի կողմից ռազմական զինտեխնիկայի կուտակումների հետ։ 

Միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիա տիրույթը ողողված է Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սկսելու քարոզչական նյութերով և հռետորաբանությամբ։

Կարծես թե մենք ինքներս ենք մեր անտարբերությամբ, անհեռատեսությամբ ու անգործունակությամբ այնպիսի «բարենպաստ» պահ ստեղծել, որ կարծես թե Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու հավանականությունը բավականին մեծ է (եթե ոչ՝ անխուսափելի)։

Իշխանությունը կրկին զբաղված է ոչնչով․․․ Երևանի ավագանու ընտրություններ, ռազմավարական դաշնակցի հետ դավադրաբար ու գիտակցաբար հարաբերությունների խզման տանող քայլերի իրականացում (Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացում, միջազգային լրատվությանը տրվող հարցազրույցներ, հանրային եթերում կամ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ բարձր և բարձրագույն հանրային պաշտոններ զբաղեցնողների կողմից անհեռատես արտահայտություններ և այլն)։

Ընդդիմությունն էլ իր հերթին կարծես թե հերթական համախմբման փորձերն է նախապատարաստում, հաշվարկներ է կատարում․․․ Պարոնա՛յք, երկար չե՞ք ծանրութեթև անում։  

Հիմա միգուցե պահն այնպիսին է, որ բոլորս պետք է դադարեցնենք այս ամեն ինչը և հայտարարենք համազգային մոբիլիզացիա՞․․․»։

--00—ԼՀ