Հայաստան ժամանած փորձագիտական խմբի անդամները Գորիսում հանդիպեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

փո

«Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին հանդիպում-քննարկում ունեցան  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ անձանց հետ, ովքեր ապաստանել են Գորիսի հյուրանոցներից մեկում։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝   փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են եվրոպական, ամերիկյան դիվանագիտական և ռազմական փորձագիտական շրջանակներից ներկայացուցիչներ։

Նրանք հարցուպատասխանի ձևաչափով ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ  անձանցից հետաքրքրվեցին սեպտեմբերի 19-ին և այդուհետ տեղի ունեցած դեպքերից հետո նրանց կեցության պայմաններից ու վիճակից, ինչպես նաև  տուն վերադառնալու հեռանկարների մասին։

«Ռասմուսսեն Գլոբալ» ընկերության ավագ խորհրդական Ֆրեդրիկ Վեսլաուն նշեց, որ  այցի նպատակն է ավելի կոնկրետ տեղեկություն հավաքել հատկապես  սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝  պատկերացում կազմելու,  թե ինչ հարցերով  կարող են Բրյուսելում և այլ մայրաքաղաքներում Հայաստանի համար աջակցություն ձեռք բերել։

«Այս կոնտեքստում ցանկանում ենք լսել, թե ինչ վիճակում եք, որոնք են ձեր կարիքները և ինչ եք ակնկալում, որպեսզի խումբն անի ձեր կարիքները հոգալու համար», -ասաց նա։

Իր հերթին ԵՄ նախկին հանձնակատար, դեսպան Ստեֆան Ֆյուլեն մարդասիրական ժեստ համարեց իրենց այցը։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը հավաստիացրեց, որ  անպայման իր գործընկերներին կփոխանցի այն ամենն, ինչ  բարձրաձայնվեց տեղում։ Նրա խոսքով՝ իրենց  շատ ֆրանսիացի և եվրոպացի գործընկերներ կանգնած են Հայաստանի կողքին,  հնարավորությունների սահմանում փորձում են անել առավելագույնը, որպեսզի կարողանան աջակցություն ցուցաբերել։

Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր փոխանակվեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ տուն վերադառնալու հեռանկարների, նրանց ներկա վիճակի, ակնկալիքների վերաբերյալ։

Հանդիպման մասնակից  ԼՂ-ից  բռնի տեղահանվածները, պատասխանելով արտասահմանցի փորձագետների հարցերին, անհնար համարեցին ադրբեջանցիների հետ  համակեցությունը։ Նրանց մի մասն էլ, անդրադառնալով տունդարձի համար անհրաժեշտ պայմաններին, նշեց, որ դրա համար ակնկալում են ԼՂ անկախության ճանաչում և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։

--00--ԼՀ