Հրազդանի բաժնի ոստիկանները ձերբակալել են բեռնատարի ապօրինի ծառեր հատած վարորդին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

նգն

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, «Հրազդան» անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում նոյեմբերի 1-ին, ժամը 00.30-ին հայտնաբերել են «ԶիԼ-131» մակնիշի առանց հաշվառման համարանիշի բեռնատար, որի թափքում մոտ 6 խմ փայտանյութ է եղել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ապօրինի ծառահատում կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով 25-ամյա վարորդը ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է Հրազդանի բաժին: Բաժնում արտավազցի վարորդը հայտնել է, որ վերոհիշյալ տարածքից ապօրինի հատել է ծառեր:

Նշվում է, որ փայտանյութով բեռնված «ԶիԼ-131»-ը դեպքի վայրում հանձնվել է պահպանության:

Ըստ աղբյուրի՝ վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 --00—ԼՀ