Ավագանու անդամի առևանգման հարցով քրեական վարույթ է նախաձեռնվել, գործողություններ են կատարվում․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Երեկ՝ հունվարի 21-ին, տեղեկություն տարածավեց, որ հունվարի 15-ին ժամը` 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին (որն ավեի հայտնի է Նարե Սոսե անվամբ) Թոթովենց փողոցից անհայտ անձինք իրեն ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։ Այս մասին գրել էր Shamshyan.com-ը։

Դեպքի հետ կապված 24News-ը երեկվանից փորձում է կապ հաստատել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանի հետ, սակայն վերջինիս ուղղված մեր զանգերն ու հաղորդագրություններն անպատասխան են մնացել։ Միջադեպով պայմանավորված՝ 24News-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, վերջինս նշեց, որ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Ստացվել է հաղորդում՝ առևանգման վերաբերյալ, որի առթիվ հունվարի 17-ին քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Բավականին ծավալուն քննություն է հիմա իրականացվում՝ նախաքննությամբ հաղորդմամբ ստացված տվյալները ստուգելու նպատակով։ Քննչական վարույթային գործողություններ են կատարվում, նաև ոստիկանությանը տրված է հանձնարարություն՝ քննության համար նշանակություն ունեցող տեղեկություններ, տվյալներ ձեռք բերել և փոխանցելու վարույթ իրականացնող մարմնին»։

24News-ը կապ հաստատեց նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ, որը նշեց՝ մամուլից է տեղեկացել կատարվածի վերաբերյալ և երեկվանից կապ չի կարողանում հաստատել Նարինե Հայրապետյանի հետ։ Մեր այն հարցին, իսկ որևէ մեկին կասկածու՞մ է, ով կարող էր առևանգել, Փոստանջյանը նշեց․ «Դե, ոնց կարող եմ ես ինչ-որ մեկի նկատմամբ կասկածներ ունենալ, բացարձակ տեղյակ չեմ ի՞նչ է եղել։ Այն, ինչ հրապարակվել է, ես այդ տեղեկատվությունը գիտեմ»։

Միջադեպի հետ կապված՝ ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, վերջինս իրավապահների ուշադրությունն է հրավիրել կատարվածի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ