Ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են Քաղաքացիական դատավարության էլ․համակարգին

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

dd

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային նոր համակարգին ծանոթացել են Ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը բացման խոսքով է հանդես եկել ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված երկօրյա իրազեկում-հանդիպումներին՝ նվիրված քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի, դրանից օգտվելու կարգի, համակարգով դատավարությանը մասնակցելու, դատավարական փաստաթղթեր, ծանուցումներ ներկայացնելու և ստանալու կարգավորումների, դատական ակտերի բողոքարկման կարգի և համակարգի մի շարք այլ առավելությունների ներկայացմանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է համակարգի կարևորությունը, որպես առաջին ամբողջապես թվային դատարան և հույս հայտնել, որ դրա շահագործմամբ էապես կթեթևանա դատարանի ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ նպաստելով թե դատարանի, և թե կողմերի ժամանակի խնայմանը և ծախսերի նվազեցմանը:

ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնցով դրվել են համակարգի գործարկման հիմքերը:

Երկօրյա հանդիպմանը մասնակցել են բանկերի, վարկային ու վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Մասնակիցներին ներկայացվել են համակարգի միջոցով հայցադիմում, այլ դատավարական փաստաթղթեր ներկայացնելու, պետական տուրքի վճարման, ապացույց կցելու, միջնորդություն ներկայացնելու և համակարգի օգտագործման այլ եղանակները։

Հանդիպումները կազմակերպվել են Արդարադատության նախարարության և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ` «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» Կազմակերպության կողմից՝

«Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

--00—ՍՊ