Սաթի Սպիվակովային տրվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

1133926

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, որը հյուրախաղերով Երևանում է, ապրիլի 3-ին այցելեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն և «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիվակովան շրջեց կենտրոնում, հանդիպեց քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկներին, նրանց ծնողներին: Շրջայցի ավարտին նրան տրվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը։

«Ես անգամ չհարցրի, թե ինչու «Ժպիտների քաղաք»: Երեխաների ժպիտներն ինձ տպավորեցին, ապրելու նոր իմաստ տվեցին»,-ասաց Սաթի Սպիվակովան:

Նա մեծ պատիվ է համարում հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը ստանալը: «Հիմա կմտածեմ, թե ինչպես կարող եմ անձամբ օգնել: Ավաղ, ես և ամուսինս՝ Վլադիմիր Սպիվակովը, չունենք ցանկալի միջոցներ հիմնադրամին աջակցելու համար, բայց համոզված եմ, որ ինչպես ծովն է կազմված փոքր կաթիլներից, այնպես էլ յուրաքանչյուր աջակցություն և խնդրի լուսաբանում կարող են ծառայել հիմնադրամին: Հանձն եմ առնում իմ հնարավորությունների սահմաններում աջակցել «Ժպիտների քաղաք»-ին»,-շեշտեց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ