Մայրաքաղաքի և մարզերի մի խումբ աշակերտներ հյուրընկալվել են Ազգային ժողովում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

բաց դաս

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի միջնակարգ, ավագ ու հիմնական դպրոցների, երիտասարդական կենտրոնի, արվեստի դպրոցի սաներ ու ուսուցիչներ:

Արարատի մարզի Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ, ապա նաեւ Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը:

Խորհրդարանական Մարիամ Պողոսյանը հյուրընկալել է Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Նույն դպրոցի աշակերտների մյուս խմբի հետ էլ հանդիպել է պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Արարատի մարզի Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ զրուցել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը հանդիպել է նախ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Հ. 2 միջնակարգ դպրոցի, ապա նաեւ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Երեւանի ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի սաների հետ զրուցել է պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Խորհրդարանական Ալխաս Ղազարյանը խոսել է Արմավիրի մարզի Եղեգնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ:

Պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Վահագն Ալեքսանյանն էլ հյուրընկալել են Արագածոտնի մարզի Ապարանի երիտասարդական կենտրոնի անդամներին:
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հանդիպել են պատգամավորներ Արմեն Խաչատրյանին, Արթուր Հովհաննիսյանին ու Կարեն Համբարձումյանին:

Հանդիպումների ընթացքում օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պատասխանել են աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի բարեփոխումներին, ակադեմիական քաղաքի կառուցմանը, բուհերի տեղափոխմանը, պետության անվտանգային հարցերին, հայ-ռուսական, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին:
Հյուրերը եղել ԱԺ թանգարանում եւ գրադարանում, հետեւել օրենսդիր մարմնի աշխատանքներին:

--00—ԼՀ