Պետք է հավասարակշռություն գտնենք արհեստական ​​բանականության հնարավորությունների և ռիսկերի միջև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

գ

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, «ՔՊ» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների, դրա մարտահրավերների մասին:

«Հարգելի գործընկերներ,

Արհեստական ​​բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝ ընձեռելով աննախադեպ հնարավորություններ, բայց և կանգնեցնելով զգալի մարտահրավերների առաջ, որոնք պետք է մանրամասն քննարկել։

Սկսենք հնարավորություններից։

Արհեստական բանականությունը կարող է բարելավել արդարադատության և իրավաբանական ծառայությունների մատչելիությունը: Ավտոմատացված համակարգերը կարող են օգնել անհատներին հասկանալ իրենց օրինական իրավունքները, նախաձեռնել բարդ իրավական ընթացակարգերը և արդյունավետորեն օգտվել իրավական տեղեկատվությունից:

Ժողովրդավարության տեսանկյունից արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները կարող են նպաստել ավելի ներառական և մասնակցային կառավարմանը: Օրինակ, արհեստական բանականությամբ ձևավորված հարթակները կարող են քաղաքացիներին հնարավորություն տալ անմիջականորեն շփվել քաղաքականություն մշակողների հետ, տրամադրել հետադարձ կապ հանրային ​​ծառայությունների վերաբերյալ և մասնակցել որոշումների կայացման գործընթացներին:

Ավելին, արհեստական բանականությունը կարող է ամրապնդել օրենքի գերակայությունը՝ խթանելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Արհեստական բանականության գործիքները կարող են վերլուծել կառավարության տվյալները՝ բացահայտելու կոռուպցիան, հետևելու պետական ​​ծախսերին և ապահովելու համապատասխանությունը իրավական կանոնակարգերին:

Այնուամենայնիվ, այս հնարավորությունների հետ մեկտեղ կան էական մարտահրավերներ, որոնք պետք է հասցեագրվեն:

Հիմնական մտահոգությունն արհեստական ​​բանականության կողմից մարդու իրավունքների խախտման մեծ հավանականությունն է, օրինակ՝ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը, խոսքի ազատությունը։ Արհեստական բանականության համակարգերը, որոնք մշակում են հսկայական քանակությամբ անձնական տվյալներ, կարող են օգտագործվել մարդկանց վերահսկելու և տեղեկատվության չարաշահման համար, հատկապես ավտորիտար վարչակարգերում:

Ժողովրդավարության համատեքստում արհեստական ​​բանականության մարտահրավերներից են ապատեղեկատվությունն ու հասարակական կարծիքի մանիպուլյացիան։ Արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը, ինչպիսիք են դիփֆեյքերը և ավտոմատացված պրոպագանդան, կարող են խաթարել վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և խեղաթյուրել հանրային դիսկուրսը:

Այս մարտահրավերներին դիմակայելու և արհեստական ​​բանականության ողջ ներուժը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության համար օգտագործելու համար անհրաժեշտ են մի քանի գործողություններ.

Առաջին: Կառավարությունները պետք է մշակեն գործուն կանոնակարգեր և էթիկական ուղեցույցներ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների մշակման և կիրառման համար՝ ապահովելու թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Այս տեսանկյունից Շրջանակային կոնվենցիայի ընդունման քննարկումը հատկապես կարևոր է:

Երկրորդ: Արհեստական ​​բականություն նախագծողներն ու օգտագործողները պետք է առաջնահերթ կարևորեն էթիկական նկատառումները, ներառյալ՝ արդարությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը արհեստական բանականության ողջ կյանքի ընթացքում:

Երրորդ: Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների հետևանքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերը շատ կարևոր են: Անձանց կրթելը և թվային գրագիտություն սովորեցնելը թույլ կտա վերջիններիս տեղեկացված որոշումներ կայացնել և խթանել արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը:

Չորրորդ: Կառավարությունների, տեխնոլոգիական ընկերությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակադեմիայի միջև համագործակցությունը կարևոր է արհեստական ​​բանականության հետ կապված կոմպլեքս մարտահրավերները համակողմանիորեն հասցեագրելու համար:

Եզրափակելով՝ թույլ տվեք շնորհավորել զեկուցողին այս կարևոր նախաձեռնության և կատարած աշխատանքի համար։ Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական ​​բանականության ընձեռած հնարավորությունների և ռիսկերի միջև, և Շրջանակային կոնվենցիայի վերաբերյալ այս փաստաթղթի ընդունումը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու տեսանկյունից։

Շնորհակալություն»։