Ցեղասպանության ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Թեհլիրյանի արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ֆֆ

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց ցեղասպանության վերապրող և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից ստացավ արժեքավոր իրեր։ Նրա հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին հանձնեցին Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն այդ առթիվ իր ելույթում նշեց, որ միջոցառումը թանգարանի համար իսկապես բացառիկ է, քանի որ ֆոնդերը համալրվում են կարևոր նշանակություն ունեցող նմուշներով, որոնք եզակի են ինչպես պատմական, այնպես էլ գիտական առումով։

«Թեհլիրյանի օրագրությունը ներկայացնում է մի ժամանակաշրջան, որը մեզ համար խիստ կարևոր է մի քանի տեսանկյուններից։ Թանգարանին հանձնված լուսանկարները նոր լույսի ներքո են ներկայացնում մեր հերոսին, ով իր արարքով ցեղասպանության արհավիրքի միջով անցած հայ ժողովրդին թույլ տվեց հասնել արդարադատության հանգրվանի։

Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինում, երբ Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության անմիջական ու գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային, ու այն, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդած դատավարության արդյունքում, իրավական տեսանկյունից խիստ նշանակալից է։ Դա փաստորեն Ցեղասպանության վերաբերյալ առաջին դատավարությունն էր, քանի որ Թեհլիրյանի դատը վերածվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող դատավարության, որն ունեցավ փաստահեն հիմք ու ճանաչվեց որպես անժխտելի իրողություն»,- ասաց Գզոյանը։

Թանգարանի տնօրենը հպարտությամբ նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանը ոչ միայն հայ ժողովրդի հերոս զավակն է, այլև պատկանում է առաջադեմ մարդկությանը։ Նրա խոսքով՝ Թեհլիրյանն իր հերոսական արարքով հետագայում հիմք տվեց Ցեղասպանության կոնվենցիայի հաստատմանը, որի ակունքներում կանգնած իրավագետ Ռաֆայել Լեմկինը տևական ժամանակ հետևել է Թեհլիրյանին, ուսումնասիրել նրա կյանքն ու Էական ներդրում ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան ընդունելու գործում՝ ներկայացնելով կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։  

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ